Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Տուրիստական գիդը զինվոր է, ով ներկա տեղեկատվական պատերազմում երկրի սահմանին է կանգնած»

«Տուրիստական գիդը զինվոր է, ով ներկա տեղեկատվական  պատերազմում երկրի սահմանին է կանգնած»
08.07.2014 | 11:06

Տուրիզմի խնդիրները արդիական են միշտ։ Միայն զբոսաշրջությամբ հնարավոր է անկախ Հայաստանը ծաղկեցնել. այս գաղափարական ռոմանտիզմը արմատացած է մեր մտածողության մեջ։ Ոչ պակաս հսկայական է արտբիզնեսի մեր ներուժը, եթե ռազմատնտեսական հումք հանդիսացող գազն ու նավթը, ի վերջո, մի օր սպառվելու են, մեր նկարիչների և քանդակագործների բնատուր շնորհքը իսկապես անսպառ է, մնում է համաշխարհային շուկայում որոնել սեփական հանգրվանը և կայանալ այնտեղ։ Այս հարցազրույցը նվիրեցինք զբոսաշրջությանը, զրուցելով բնագավառի գիտակ մարդկանցից մեկի` Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր ՌՈԲԵՐՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ։

«ՏՈՒՐԻԶՄԸ ՇԱՏ ԼԱՅՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է»


-Զբոսաշրջությունը, ըստ իս, նման է ֆուտբոլի. գայթակղությունը շատ մեծ է, և, խնդրեմ, ով ասես զբաղվում է զբոսաշրջությամբ։
-Հարգելիս, խնդրում եմ մեր զրույցում չօգտագործել «զբոսաշրջություն» հասկացությունը, այն տուրիզմ չէ, տուրիզմը շատ լայն հասկացություն է, և, հավատացեք, աշխարհի որևէ երկրում տուրիզմը այլ բառով չի փոխարինվել։
-Լավ, խոստանում եմ զերծ մնալ «զբոսաշրջություն» բառից։ Բնական է, որ պիտի խնդրեմ բացատրեք, թե ինչ է տուրիզմը։
-Եթե մարդը Հայաստան է ժամանում մասնակցելու գիտաժողովի, նա արդեն տուրիստ է։ Ո՞վ է տուրիստը։ Դա նա է, ով իր երկրից մեկնել է մեկ այլ երկիր, մնացել է 24 ժամից ոչ պակաս և ոչ ավելի, քան մեկ տարի և այդ ընթացքում չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այսինքն` հյուրընկալող երկրում փող չի վաստակել։ Եվ եթե այսօր մարդիկ Հայաստան են գալիս մասնակցելու որևէ բիզնես-ֆորումի, նույնպես համարվում են տուրիստ։
-Եթե պաշտոնական պատվիրակություն է ժամանում և մի շաբաթ հյուրընկալվում մեր երկրո՞ւմ։
-Դարձյալ տուրիզմ է։ Համաշխարհային տուրիստական կազմակերպության երաշխավորությամբ երկրները տուրիզմի սահմանման մասին օրենքներ են ընդունել, որոնք էլ կիրառվում են ամենուր։

«ՉՄՈՌԱՆԱՆՔ, ՈՐ ՆՈՐ ՄԱՐԴՆ Է ՇՐՋԱԳԱՅՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐՈՎ»


-Իտալացիներն ասում են` յուրաքանչյուր տուրիստ երկու իտալացու է կերակրում։
-Համաշխարհային տուրիստական կազմակերպությունն ընդունել է, որ տուրիզմը գործունեություն է, նաև` արդյունաբերություն։ Մեկ տուրիստը, ցանկացած երկիր այցելելով, 3-4 հարակից աշխատատեղ է ստեղծում։ Մեր գնահատման չափանիշը, այսպիսով, սա է` որքան գումար ենք մենք վաստակում տուրիզմից, որքան գումար է այս գործունեությունից մտնում բյուջե, և որքան աշխատատեղեր են ստեղծվում։ Մենք չենք կարող ուղղակի հայտարարել, որ մեր երկիրը պիտի դառնա տուրիզմի երկիր։ Տուրիզմին զուգահեռ ինքնըստինքյան պիտի զարգանան տնտեսության մյուս ճյուղերը, այսինքն, տուրիզմը տնտեսության գլխավոր քարշակներից մեկն է։ Չէ՞ որ տուրիստների քանակության մեծացման դեպքում մեծանում է հացի սպառումը, ավելի շատ միրգ ու բանջարեղեն, խմիչք և հուշանվերներ են վաճառվում և այլն։ Այսինքն, շղթայական ռեակցիայով զարգանում է տնտեսությունը։
-Հարևան և ոչ բարեկամ Թուրքիան զբոսաշրջային համաշխարհային կենտրոն է դարձել, ի հաշիվ նաև մեր պատմամշակութային արժեքների։ Որքա՞ն է նրանց տարեկան եկամուտը։
-Տարեկան 25-27 մլրդ դոլար, Թուրքիան տարեկան ընդունում է 35 մլն-ից ավելի տուրիստների։ Եվ նրանք նպատակ ունեն առաջիկայում ստանալու 100 մլրդ դոլար եկամուտ տուրիզմից։
-Որո՞նք են մեր անելիքներն այս հրապուրիչ և ինչ-որ չափով խորհրդավոր աշխարհում։
-Նախ պետք է գնահատենք մեր հնարավորությունները։ Պետք է ամենատեսարժան վայրերով հարուստ մեկ-երկու մարզի համար կազմենք «տուրիստական ռեսուրսի կադաստր»։ Մինչև հիմա մենք օգտագործում ենք հին տուրիստական փաթեթները, այնինչ այսօր անհրաժեշտ են նոր փաթեթներ և նոր մոտեցումներ։ Չմոռանանք, որ նոր մարդն է շրջագայում աշխարհում իր նոր պահանջմունքներով։ Բնականաբար, նրան պետք է ներկայացնենք նոր տուրիստական ապրանք, նոր մարդկանց միջոցով։ Նախկինում տուրիստը անհամեմատ քիչ էր տեղեկացված այն երկրի մշակույթին, բնությանը և սովորույթներին, ուր պատրաստվում էր այցելելու։ Այսօր տեղեկատվական լայն հոսքերը թույլ են տալիս երկիր մուտք գործելուց առաջ շատ ավելի տեղեկացված լինել։ Հավատացեք, երբեմն տուրիստը Հայաստանի մասին ավելի սպառիչ տեղեկություններ ունի, քան մենք։
-Տուրիստը, որքան էլ քաջատեղյակ, այնուամենայնիվ, շատ հարցերում ապավինում է գիդին։ Այս ոլորտում ինչպիսի՞ն է գործերի վիճակը։
-Ես տեղյակ չեմ, թե ով և ինչ կազմակերպություն է ստուգում կոնկրետ որևէ գիդի պատրաստվածության աստիճանը։ Ես, չզարմանաք, գիդին համարում եմ զինվոր, ով ներկա տեղեկատվական պատերազմում երկրի սահմանին է կանգնած։ Չէ՞ որ անհնար է լիարժեք տեղեկություն ունենալ, թե ով է որպես տուրիստ Հայաստան ժամանում, ինչ նպատակներով և ինչ կարգի տեղեկությամբ է հեռանում մեր երկրից։ Այնպես որ, գիդը պիտի նվիրյալ լինի, պաշտպանի պետական քաղաքականությունը, առավել ևս, որ մեկ տարի անց լրանում է Մեծ եղեռնի 100-ամյակը։

«ՄԵՆՔ ԱՋԱՐԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐ ԵՐԿԻՐՆ ԵՆՔ»


-Տուրիզմի մասնավոր և պետական հատվածում կա՞ լուրջ մրցակցություն։
-1991-ից ազատականացվեց մեր ողջ տնտեսությունը, նաև տուրիզմի ոլորտը։ Աշխարհում չկա տուրիզմի պետական հատված, նշանակում է, չի էլ կարող լինել որևէ մրցակցություն։ Ինչ-որ չափով պետական հատված առկա է Չինաստանում։
-Իսկ վերահսկողությունն ինչպե՞ս է իրականացվում։
-Յուրաքանչյուրն ինքն է իրեն վերահսկում, ինչն անընդունելի է, չէ՞ որ մենք երկիր և պետություն ենք ներկայացնում։ Այսինքն, անհրաժեշտ է պետական մոտեցում, պետության կողմից բնագավառը համակարգելու միջոցով։
-Այսինքն, ևս մեկ կառո՞ւյց։
-Ամենևին, չկա դրա կարիքը, առավել ևս, որ մեր բյուջեն «տխուր» վիճակում է։ Ներկայումս գոյություն ունի տուրիզմի վարչություն` էկոնոմիկայի նախարարության կազմում, որի վրա էլ դրված են պետական լիազորությունները։ Սակայն տվյալ վարչությունը պիտի բավարար լիազորություններ և իրավունքներ ունենա բնագավառում պատշաճ հսկողություն սահմանելու համար։ Այս կառույցը, մասնավորապես, պիտի պարբերաբար մրցույթներ հայտարարի, ներկայացնի նոր և հետաքրքիր ծրագրեր, պիտի խրախուսվի այն լավն ու առաջադեմը, որն առկա է մեր ոլորտում։ Այսօր շատ կարևոր է տուրիզմի ոլորտում նոր, ժամանակակից պահանջներին հարիր մասնագետների պատրաստումը։ Այս տեսանկյունից պիտի հավաստիացնեմ, որ հպարտ եմ` մեր բուհում արժանավոր մասնագետներ ենք պատրաստում։
-Ձեր ղեկավարած բուհի մասնակցությունը ընդհանուր գործին։
-Մեր բուհն իր ոլորտում առաջատար է Հայաստանում, ճանաչված ենք Ռուսաստանում, Եվրոպայում և աշխարհում։ Կարևոր մի հանգամանք նշեմ. մենք մեր շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու խնդիր չունենք, մեր բուհն ի սկզբանե պարտավորություն է վերցնում աշխատանքով ապահովելու իր շրջանավարտներին։ Ավելին ասեմ, երբեմն մեր շրջանավարտը փորձաշրջան է անցնում որևէ տուրիստական գործակալությունում և հիասթափված վերադառնում է` չկամենալով այնտեղ աշխատել, քանի որ տվյալ գործակալության մասնագիտական մակարդակը չի համապատասխանում նրա ունակություններին ու գիտելիքներին։
-Տուրիզմի զարգացման ընդհանուր դաշտը ներկայացրեք։
-Հանրապետությունում իրավիճակը հստակեցված է, և մեր գերատեսչություններն ու նախարարությունները, արտասահմանյան համարժեք կառույցների հետ հարաբերվելիս, իրենց գործունեությունը համաձայնեցնում են հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ։ Միևնույն իրավասությամբ պիտի օժտել վերոնշյալ վարչությանը։ Տեսեք, մեր տարբեր նախարարություններ և գերատեսչություններ պարբերաբար ինչ-ինչ միջոցառումներ են կազմակերպում, հրավիրում կարևոր հյուրերի, բայց աշխարհում ընդունված է նման միջոցառումները համարժեքել տուրիստական սեզոնին, դրանք չպետք է համընկնեն տուրիստական շրջանի հետ։ Բացի այդ, պիտի ձևավորել միջավայր, որպեսզի տուրիստական կազմակերպությունները պարտավորված լինեն համագործակցելու պետության շահերը պաշտպանող կառույցի հետ։ Ասեմ, որ խիստ ազատական քաղաքականություն է մշակվել, որն առայժմ այնքան էլ արդյունավետ չէ։
-Այս ազատականության ձեռքն ուղղակի կրակն ենք ընկել, ում մտքով ինչ անցնի, ձեռնարկում է, մեկն ունակ չէ անգամ խմոր հունցելու, սակայն տարին բոլոր հաց է թխում։
-Լիովին համաձայն եմ, պետք է հավատարմագրման միջոցով հստակեցնել դաշտը, պետությունը պիտի իր լիազորություններն իրականացնի հասարակական կազմակերպությունների միջոցով։ Եվ պետությունը պիտի էապես նպաստի նման ՀԿ-ների ստեղծմանն ու հզորացմանը` ընդունելով լրացուցիչ լիազորություններ և մշակելով նրանց պարտավորությունների չափորոշիչները։
-Կա՞ն նման ՀԿ-ներ մեր իրականությունում։
-Այո, բայց լիարժեք չեն գործում։ Հետաքրքիր, հավանաբար Ձեզ անծանոթ մի իրավիճակ ներկայացնեմ. տուրիստական տարբեր կազմակերպություններ օգտվում են պետական ճանապարհներից, հուշարձաններից, հողից և ջրից, սակայն ոչնչով չեն փոխհատուցում պետությանը, վաստակածից գումարներ չեն տրամադրում պետբյուջեին, այսինքն, անտեսվում է պետական շահը։ Բայց չէ՞ որ պետությունն է իր միջոցներով վերանորոգում, կառուցում և շահագործում է այն ամենը, ինչը տուրիստական ընկերության գործունեության միջոցն է։ Հարևան երկրում գործում է «Տուրսաբ» ՀԿ-ն, վերահսկում է երկրի ողջ տուրիզմի դաշտը, տուրիզմով զբաղվող յուրաքանչյուր ձեռնարկություն նախ պիտի գրանցվի «Տուրսաբում»։ Այս ՀԿ-ն է որոշում` կարո՞ղ է այս կամ այն տուրիստական գործակալությունը աշխատել տուրիզմի ոլորտում, երաշխավորում է նրա գործունեությունը և այլն։ Պետությունը, իհարկե, աջակցում է տվյալ կազմակերպությանը, քանի որ այն հսկայական օգուտներ է բերում երկրին։
-Զրույցի սկզբում նշեցիք տուրիստական ռեսուրսի մարզային կադաստր ստեղծելու կարևորության մասին։ Ի՞նչ է այն ենթադրում։
-Վերցնենք այս գաղափարի կենսագործման համար բավականին նպատակահարմար Կոտայքի մարզը։ Ի՞նչն ենք այդ մարզում «օգտագործում»` Գառնի-Գեղարդ համալիրները, Ծաղկաձորը, էլի մեկ-երկու հանրածանոթ հանգստյան գոտի, հուշարձան և վերջ։ Սակայն չէ՞ որ բազմաթիվ են տուրիստական հետաքրքրություն ներկայացնող վայրերը, որոնք հաճախ մեզ էլ են անծանոթ։ Դրանք պիտի ի հայտ բերել և վերածել տուրիստական ապրանքի։ Համաշխարհային տուրիստական կազմակերպությունը դոնոր երկրների հատուկ ցանկ ունի, այսինքն տուրիստ մատակարարող երկրների ցանկ։ Աշխարհի զարգացած երկրները` Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան, Ֆրանսիան, Չինաստանն ու Ռուսաստանը աշխարհին տուրիստներ են մատակարարում, այսինքն, իրենց երկրում վաստակած գումարները տուրիստների միջոցով ներդրվում են հյուրընկալող պետությունների տնտեսության մեջ։ Նրանք դոնոր են, մատակարար։ Թերևս այնքան էլ հաճելի բան չեմ ասում, սակայն իրականությունն այն է, որ մենք Աջարիայի մատակարարն ենք։ Յուրաքանչյուր տարի հազարավոր ՀՀ քաղաքացիներ Աջարիայում են հանգստանում և հարստացնում են այդ երկիրը։ Աջարիայի և Վրաստանի բնակիչները շատ ավելի քիչ են այցելում Հայաստան։ Մենք պիտի պատրաստենք այնպիսի տուրիստական ապրանք, որը հետաքրքրի և բավարարի վրացիների և աջարացիների պահանջմունքը, և նրանք ինքնաբերաբար կժամանեն Հայաստան։
-Պարոն Մինասյան, մեր զրույցից պարզեցի, որ տուրիզմը մի բնագավառ է, ուր լիովին համընկնում են պետության և մասնավորի շահերը։ Այդպե՞ս է։
-Միանգամայն, և հուսամ, որ տեսանելի ապագայում Հայաստանը շատերի համար ավելի լուրջ տուրիստական հետաքրքրություն կներկայացնի։ Մենք ունենք բոլոր նախադրյալները` դառնալու առաջավոր տուրիստական երկիր մեր տարածաշրջանում։

Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ